Ես ու Լեոնիդը հաճախ էինք խոսում Հայաստանում տիրող իրավիճակից, որ թուրքը առանց պատերազմի Արցախը չի տա։ Երկուսս էլ համոզված էինք, որ «Հողն արյունով են վերցնում»։ Խոսում էինք, որ պատերազմ կլինի և զենք պետք կլինի, իսկ զենք չկա։
Մի անգամ այդպիսի մի զրույցի ժամանակ Լեոնիդը հանակարծակի շեղեց զրույցի ուղղությունը և անսպասելիորեն ասաց․
-Արի հրթիռային զենք սարքենք։
-Արի սարքենք,-պատասխանեցի ես։
-Լուրջ ե՞ս ասում, թե՞ կատակում ես,-հարցրեց Լեոնիդը։
-Լուրջ եմ ասում: Ինչու՞ ես հարցնում։
-ՈՒմ ասել եմ, բոլորը հրաժարվել են։
-Ես չեմ հրաժարվում։ Եթե ուզում ես սարքել, արի սարքենք։
-Ինչի՞ց սկսենք,-հարցրեց Լեոնիդը։
-Աշխատանքի բաժանումից։
-Ես կվերցնեմ արձակման կայանքի մասը,-ասաց Լեոնիդը։
-Ես էլ կվերցնեմ հրթիռի մասը,-ասացի ես։
Այդպես աշխատանքը բաժանեցինք ըստ մեր մասնագիտությունների:
Լևոնիդը ֆիզիկոս էր։ Նա պետք է նախագծեր հրթիռի արձակման կայանքը, հաշվեր արձակման անկյունը, հետագիծը և այլն։ Ես քիմիկոս էի և պետք է այնպիսի վառելանյութ ստեղծեի, որ հնարավոր լիներ հրթիռը հնարավորինս հեռու ուղարկել։
Մենք պատկերացնում էինք, թե ինչ է հրթիռային զենքը, բայց չգիտեինք, թե ինչպես պատրաստել այն։ Մենք օրեր էինք անցկացրել հանրային գրադարանում, փորձելով գրականություն գտնել, բայց անօգուտ էր։ Սովետական Միությունում զենքերի և զենքերի պատրասման հետ կապված գրականությունը գաղտնագրված էր։
Աշխատանքը դժվար էր։ Մենք կազմում էինք հրթիռային զենքի ստեղծման տեսությունը, հաշվարկներ էինք անում, հաշվարկները ստուգում և ուղղումներ անում:
Մենք երրորդ ընկեր էլ ունեինք՝ Վոլոդյան։ Նա բանասեր էր և մեր աշխատանքին չէր մասնակցում։ Վոլոդյան գործի հետ կապված զանազան հանձնարարություններ էր կատարում, նյութեր էր հայթայթում, ինչպես նաև ապահովում էր մեր անվտանգությունը և աշխատանքի գաղտնիությունը։
Գարուն էր։
Արդեն կլիներ մեկ ամիս, ինչ մենք մեր հանդիպման վայրը մետրոյի Երիտասարդական կայարանի դիմացի սրճարանից տեղափոխել էինք Օղակաձև զբոսայգու նստարաններից մեկը։ Նստարանից քիչ հեռու երևանցիների սիրած հուշարձաններից մեկն էր՝ Մարմարե Ձեռքերը։ Երիտասարդներն այդ քանդակը կոչում էին Սիրահարների Ձեռքեր։
Մենք ամեն օր մարմարե ձեռքերի մոտ մի քանի ժամ էինք անցկացնում։ Ոչ մի արտասովոր բան չկար այդ քանդակի հետ կապված, մինչև անմոռանալի մի օր։
Այդ օրն էլ, մյուս օրերի նման, մենք քննարկում էինք հերթական խնդիրը։ Երբ հանգստի պահը եկավ, ես Լեոնիդին հարցրի․
-Գիտե՞ս այս ձեռքերի պատմությունը։
-Ոչ, չգիտեմ,-պատասխանեց Լեոնիը,-Պատմիր։
Դրանից մի քանի օր առաջ ես թերթում կարդացել էի քանդակի ստեղծման պատմությունը։ Քանդակագործ Արա Հարությունյանը այսպես էր պատմում.
-Երբ Երևանը և իտալական Կաարա քաղաքը դարձան քույր քաղաքներ, Երևանի քաղսովետը Կաարա քաղաքին նվիրեց իմ քանդակներից մեկի՝ Օղակաձև զբոսայգում տեղադրած երկու խոյերով աղբյուր-հուշարձանը։
Կաարացիներին նվերը դուր էր եկել և նրանք որոշել էին իրենց քաղաքի կողմից Երևանին նվիրել Կաարայի հուշարձաններից մեկի կրկնօրինակը։ Ինձ, որպես հուշարձանի հեղինակի, ուղարկեցին Իտալիա նվերը ընտրելու համար։
Կաարան հայտնի է իր մարմարով։ Միքելանջելոն իր նշանավոր քանդակները ստեղծել էր Կաարայի մարմարից։ Նա եկել է Կաարա և քաղաքի մոտ մարմարի քարհանք բացել։ Միքելանջելոյի բացած քարհանքը հենց այդպես էլ կոչվում է՝ «Միքելանջելոյի Քարհանք»։ Այն Կաարայի տեսարժան վայրերից մեկն է։
Հյուրընկալները ինձ տարան Միքելանջելոյի քարհանքը ցույց տալու, մտածելով որ քանդակագործին այն կհետաքրքրի։ Քարհանքում շրջագայելու ժամանակ ուշադրությունս գրավեցին երկու հսկա մարմարե ձեռքեր։ Ինձ բացատրեցին, որ մի քանդակագործ որոշել էր Կաարայի մարմարից քանդակել Քրիստոսի հսկա արձանը։ Քանդակագործը քանդակել էր Քրիստոսի ձեռքերը, բայց քանդակը անհայտ պատճառներով չէր ավարտվել և Քրիստոսի ձեռքերը մնացել էին քարհանքում։
Քրիստոսի ձեռքերն ինձ այնքան դուր եկան, որ ես հյուրընկալներիս ասացի․
-Մեզ ուրիշ ոչ մի քանդակ պետք չէ։ Մեզ տվեք այդ մարմարե ձեռքերը։ Դրանք կդառնան մեր երկու քույր քաղաքների բարեկամության խորհրդանիշը։
Մեր հյուընկալները համաձայնեցին։ Ես Կաարայում մնացի այնքան ժամանակ, մինչև որ իմ ձեռքով Քրիստոսի մարմարե ձեռքերը փաթաթեցի, դրեցի արկղերի մեջ, նոր վարադարձա Երևան։
Մի քանի ամիս հետո Քրիստոսի ձեռքերը Երևանում էին։ Ես դրանք դրեցի սև պատվանդանի վրա և տեղադրեցի Օղակաձև զբոսայգում։ Քանդակն անվանվեց Բաեկամություն և դարձավ Երևանի ու Կարարայի բարեկամության խորհրդանիշը։ Լեոնիդն ուշադիր լսում էր։
Անցավ մի քանի օր։ Հերթական աշխատանքային օրերից մեկն էր։ Քննարկումներից հոգնած դադար էինք առել և երեքով զրուցում էինք։ Զրույցի ժամանակ տեսա, որ Լեոնիդի հայացքը մի պահ կանգ առավ մարմարե ձեռքերի վրա։
Հաջորդ օրը նորից հավաքվեցինք։ Եկավ ընդմիջման պահը։ Վոլոդյան ինչ-որ բան էր պատմում։ Լեոնիդը ուշադիր լսում էր։
Վոլոդյան իմ աջ կողմում էր նստած և իմ ուշադրությունը նրա կողմն էր։ Լևոնիդը նստած էր իմ ձախ կողմում և ես նրա դեմքը չէի տեսնում։ Երբ պատահաբար շրջվեցի Լեոնիդի կողմը, տեսա որ նա նայում է մարմարե ձեռքերին։ ՈՒրիշ ժամանակ նա մի ակնթարթ կնայեր հուշարձանին ու կշրջվեր, բայց այս անգամ այդպես չէր։ Լեոնիդը հայացքը հառել էր Քրիստոսի ձեռքերին։ Նրա դեմքին ոչ մի մկան չէր շարժվում։ Նա անշարժ նայում էր մարմարե ձեռքերին։ Ասես ուզում էր գնալ և ձուլվել Քրիստոսի ձեռքերին։ Նա լուռ ու մտածկոտ նայում էր քանդակին։
Ես Վոլոդյային գլխով նշան արեցի․ «Նայիր Լեոնիդին»։ Երկուսով սկսեցինք նայել։ Լեոնիդը կարծես մոռացել էր, որ մենք իր կողքին ենք։ Նա չէր խոսում ու հայացքը չէր հեռացնում Քրիստոսի ձեռքերից։ Բավականին ժամանակ անցավ։ Ոչ ես էի խոսում, ոչ Վոլոդյան։ Լեոնիդը քանդակին էր նայում, մենք՝ Լեոնիդին։ Հայացքը Քրիստոսի ձեռքերին հառած, դեմքն անշարժ, Լեոնիդը կարծես չէր էլ շնչում։ Նայում էր, նայում ու նայում։
Վերջապես Լեոնիդը սթափվեց։ Նա հայացքը հեռացրեց Քրիստոսի ձեռքերից, շրջվեց մեր կողմը և մենք շարունակեցինք աշխատել։
Հաջորդ օրը, պայմանավորված ժամին մենք նորից Օղակաձև զբոսայգում էինք, մեր նստարանին նստած։ Ես խոսում էի, իսկ Լեոնիդը լսում էր համակ ուշադրություն դարձած։ Լեոնիդը ուշադիր լսող էր։
Ինչ-որ պահի զգացի, որ Լեոնիդի հայացքը դարձյալ թեքվեց մարմարե ձեռքերի կողմը։ Խոսքս ընդհատեցի ու սկսեցի հետևել նրան։ Լեոնիդը չէր շարժվում։ Առանց մի բառ խոսելու, անշարժ նստած գարնանային արևով ողողված նստարանին, Լեոնիդը նայում էր Քրիստոսի ձեռքերին։
Նախորդ օրվա նման Լեոնիդը Քրիստոսի ձեռքերին էր նայում, ես ու Վոլոդյան՝ Լեոնիդին։ Մենք էլ չէինք խոսում։
Լեոնիդը հայացքը սևեռած քանդակին էր նայում, ասես քանդակի մեջ ինչ-որ գերբնական ուժ կար։ Ինձ թվում էր, որ Լեոնիդը մտքում խոսում է Քրիստոսի ձեռքերի հետ։
Մի քանի րոպե անթարթ և անձայն քանդակին նայելուց հետո Լեոնիդը շրջվեց իմ կողմը և մենք շարունակեցինք մեր աշխատանքը։ Այդպես սկսվեց Լեոնիդի կապվածությունը Քրիստոսի ձեռքերի հետ։ Այդ կապվածությունը շարունակվեց մի քանի ամիս։
Քննարկումների միջև ընկած ընդմիջումների ժամանակ մենք խոսում էինք զանազան բաներից։ Խոսում էինք Հայաստանից, հայ ժողովրդի պատմությունից, բայց կրոնի մասին երբեք չենք խոսել։ Ես նույնիսկ չգիտեմ Լեոնիդը հավատում էր Աստծուն, թե՞ ոչ։ Չնայած այդ ամենին, Լեոնիդը մի անտեսանելի կապով կապվեց Քրիստոսի ձեռքերի հետ։ Նրա հոգում ինչ-որ բան փոխվեց։ Չգիտեմ ինչ կատարվեց Լեոնիդի հետ այդ օրը։ Դրանից հետո ամեն անգամ, երբ մենք նստում էինք մեր նաստրանին, քննարկումների թեժ պահին, թե հանգստի զրույցների ժամանակ Լեոնիդն անսպասելիորեն հայացքը հառում էր Քրիստոսի ձեռքերին ու երկար լռում։ Թվում էր, թե նա խոսում է մարմարե ձեռքերի հետ։
Օղակաձև զբոսայգում մեր հանդիպումները շարունկվեցին մի քանի ամիս։ Գարնան վերջին մենք ավելի հարմար տեղ գտանք, Գրողների միության նորաբաց սրճարանը։ Դրանից հետո մենք այլևս չվերադարձանք Քրիստոսի ձեռքերի մոտ։
Ես շատ եմ միտք արել, թե ինչն էր Լեոնիդին կապում Քրիստոսի ձեռքերի հետ։ Կրո՞նը։ Բայց մենք երբեք կրոնից չենք խոսել և ես չգիտեմ նա հավատու՞մ էր Աստծուն, թե՞ ոչ։
Հետո Լեոնիդը հեռացավ մեզանից։
Նա գնաց և Քրիստոսի ձեռքերի գաղտնիքը տարավ իր հետ։
Մեկ էլ որ տեսնեմ Լեոնիդին, անպայման պիտի հարցնեմ։
Էդվարդ ՍԱՐԳՍՅԱՆ